Jump to content

ՄԱԿ-ի խաղաղապահ ուժեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
ՄԱԿ-ի խաղաղապահները Էրիթրեայում

ՄԱԿ-ի խաղաղապահ ուժեր (ՄԱԿ-ի խաղաղապահ զորախումբ) (ֆր.՝ Les casques bleus, գերմ.՝ Blauhelme), ՄԱԿ-ի անդամ-պետությունների զինված անձնակազմ, որն առանձնացված է ՄԱԿ-ի կանոնադրությանը համաձայն՝ խաղաղությանը և անվտանգությանը սպառնող վտանգի վերացման կամ կանխարգելման համար, այն դեպքում, երբ տնտեսական և քաղաքական բնույթի միջոցառումները դարձել են կամ կդառնան անբավարար։

ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի ստեղծման, կազմի, օգտագործման և ֆինանսավորման մասին որոշումները կայացնում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը։ Ռազմավարական ղեկավարությունը իրականացվում է Ռազմաշտաբային կոմիտեի կողմից։

1988 թվականին ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերին շնորհվել է Խաղաղության Նոբելյան մրցանակ։

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան ստեղծել է տոն՝ Միավորված Ազգերի Կազմակերպության խաղաղապահների միջազգային օր, որը 2003 թվականից ամեն տարի նշվում է մայիսի 29-ին։

ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններ

ՄԱԿ-ի գոյության առաջին 40 տարիների ընթացքում (1945-1985) անցկացվել է խաղաղության պահպանման ընդամենը 13 գործողություն։ Վերջին 20 տարիների ընթացքում անցկացվել է 51 առաքելություն։

Ի սկզբանե խաղաղության պահպանման գործողություններն իրենցից հիմնականում ներկայացնում էին միջպետական պատերազմներից հետո հրադադարի համաձայնագրի պահպանման և պատերազմող երկրների բաժանման գործողություններ։

«Սառը պատերազմ»-ի ավարտը հանգեցրել է ՄԱԿ-ի խաղաղության պահպանման գործողությունների բնույթի ծայրահեղ փոփոխմանը։ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը սկսեց ստեղծել ՄԱԿ-ի խաղաղության պահպանման ավելի խոշոր և բարդ առաքելություններ։ Բացի այդ, խաղաղության պահպանման գործողությունները սկսեցին ներառել ավելի շատ ոչ ռազմական բաղադրիչներ։ Այդպիսի գործողությունների համակարգման համար 1992 թվականին ստեղծվել է ՄԱԿ-ի խաղաղության պահպանման գործողությունների դեպարտամենտ։

Հնդկաստանի զինված ուժերի Տ-72 տանկերը Սոմալիում ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունների ժամանակ

Անվտանգության խորհուրդը սկսեց խաղաղապահներին ուղարկել հակամարտության այնպիսի գոտիներ, որտեղ կրակի դադարեցման համաձայնագիր չի կնքվել և խաղաղապահ զորքերի ներկայության համար հակամարտության բոլոր մասնակիցների կողմից համաձայնություն չի տրվել (օրինակ՝ խաղաղապահ գործողություններ Սոմալիում և Բոսնիայում)։ Որոշ խնդիրներ, որոնք դրված էին այդ խաղաղապահ առաքելությունների առջև, անհնար էր կատարել այն ռեսուրսները և անձնակազմով, որոնք առկա էին նրանց մոտ։ Այդ անհաջողությունները, որոնցից առավել աչքի են ընկել 1995 թվականի Սրեբրենիացայի (Բոսնիա) սպանությունները և 1994 թվականին Ռուանդայի ցեղասպանությունը, ստիպեցին ՄԱԿ-ին մանրամասնորեն վերլուծել խաղաղության պահպանման գործողությունների հայեցակարգը։

Նորվեգացի խաղաղապահը Սարաևոյի պաշարման ժամանակ, 1992 թվականի ամառ:

1948 թվականից ավելի քան 130 երկիր ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունները անցկացնելու համար տրամադրում էր իր ռազմական և ոստիկանական անձնակազմը և քաղաքացիական աշխատակիցներին։ Խաղաղության պահպանման համար ստեղծված առաջին գործողությունից հետո, ՄԱԿ-ի դրոշի ներքո ծառայել է մեկ միլիոնից ավելի զինծառայող, ոստիկան և քաղաքացիական անձ։

Հնդկացի խաղաղապահները Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում

ՄԱԿ-ի խաղաղություն պահպանող գործողությունների կազմում զինվորական ծառայություն անցնող զինծառայողները վարձատրվում են իրենց երկրների կառավարության կողմից։ Ընդ որում, այդ երկրները փոխհատուցում են ստանում ՄԱԿ-ի կողմից։

ՄԱԿ-ի բոլոր անդամ-պետությունները պարտավոր են վճարել խաղաղության պահպանման գործողությունների վրա արվող ծախսերի իրենց բաժինը այն բանաձևի համաձայն, որը նրանք հաստատել են։ Չնայած դրան, 2006 թվականի հունվարի 31-ի դրությամբ անդամ-պետությունների պարտքերը կազմել են մոտ 2,66 միլիարդ ԱՄՆ դոլար։

20-րդ դարի 90-ական թվականներից ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններն իրականացվում են ավելի շատ տարածաշրջանային կազմակերպությունների փոխազդեցությամբ։ ՄԱԿ-ի առաջին գործողությունը, որն իրականացվել է նույն վայրում, որտեղ անցկացվել է խաղաղության պահպանման տարածաշրջանային ուժերի գործողությունը, եղել է 1993 թվականի Լիբերիայի առաքելությունը։ Տարածաշրջանային ուժերն այնտեղ ուղարկվել են Արևմտաաֆրիկյան պետությունների տնտեսական ընկերակցության (անգլ.՝ The Economic Community of West African States (ECOWAS)) կողմից։ 1994 թվականի ՄԱԿ-ի առաքելությունը Վրաստանում սկսեց համագործակցել ԱՊՀ-ի խաղաղապահ ուժերի հետ։ 1990-ական թվականների երկրորդ կեսին Բոսնիայում և Հերցեգովինայում և Կոսովոյում խաղաղապահ գործողությունները անցկացվել են ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի և ԵԱՀԿ-ի հետ համատեղ։ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող Անվտանգության աջակցության միջազգային ուժերը համագործակցում են քաղաքական աջակցություն հատկացնելու ՄԱԿ-ի առաքելության հետ[1]։

Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի զրահափոխադրիչը հարավային Լիբանանում

Անձնակազմի ընտրությունը խաղաղապահ գործողությունների համար

Մի շարք հետազոտողների կարծիքով, երկար ժամանակ խաղաղապահ գործողությունների համար անձնակազմի ընտրությունը վառ արտահայտված դիսկրիմինացիոն և քաղաքականորեն պայմանավորված բնույթ էր կրում[2]։ Հիմնականում ընտրվում էին արևմտյան երկրների բանակների կադրային կամ պահեստային սպաները, որոնք ուղղակի կամ անուղղակի հետաքրքրություն ունեին հակամարտության գոտիներում, այդպիսով, առաքելությունների իրականացման ժամանակ անկողմնակալության և չեզոքության մասին խոսք լինել չէր կարող։ Մինչ 1970-ական թվականների կեսերը ՄԱԿ-ի գործունեության պատմության մեջ սոցիալիստական երկրները ռազմական դիտորդների խաղաղապահ գործողություններին և առաքելություններին չեն մասնակցել։ Միևնույն ժամանակ, ամերիկյան սպաները գործողությունների անցկացման ժամանակ ՄԱԿ-ի դիտորդների դերում հանդես էին գալիս Հունաստանում, Պակիստանում, Քաշմիրում, Լիբանանում, Արևմտյան Իրիանում[3]։ Դիտորդների մեծ թվաքանակ տրամադրվել է ԱՄՆ-ի դաշնակիցների կողմից ՆԱՏՕ-ի, ՍԵՆՏՕ-ի, ԱՊԼ-ի, ՀԱԵԱ-ի և այլնի ռազմական գծով[2]։

1970-ական թվականների կեսերին իրավիճակը սկսում է փոխվել։ Սոցիալիստական երկրները սկսում են ավելի հաճախ մասնակցել խաղաղապահ առաքելություններին՝ Լեհաստանը 1982 թվականին Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերում (անգլ.՝ United Nations Interim Force in Lebanon (UNIFIL)) և ԽՍՀՄ[4]՝ ռազմական դիտորդների խմբերում Եգիպտոսում, Նամիբիայում, Քուվեյթում, Արևմտյան Սահարայում և Կամպուչիայում։

Մշակույթում

Sabaton խումբը խաղաղապահներին նվիրել է «Light in the Black» երգը[5]։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Операции по поддержанию мира. Вопросы и ответы
  2. 2,0 2,1 Коллектив авторов. ООН и укрепление международного мира и безопасности // Советский Союз и Организация Объединённых Наций 1966-1975 гг. / АН СССР, Институт истории СССР. — М.: Наука, 1975. — С. 52-53. — 536 с. — 6700 экз.
  3. Семёнов В. С. Устав ООН и вопрос об операциях по поддержанию мира // Ассоциация международного права Советский ежегодник международного права 1968 : Печатный орган АМП СССР. — М.: Наука, 1969. — С. 64. — Тираж 2300 экз.
  4. Запарий Ю. В. Миротворческие операции ООН и Советский Союз: политика и практика // Известия Уральского государственного университета. — 2004. — № 31. — С. 142—153.
  5. «Light In The Black». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 3-ին.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ՄԱԿ-ի խաղաղապահ ուժեր» հոդվածին։